Իրանը, որը մինչև հիմա չի մասնակցել Սիրիայի հարցով խոշոր միջազգային հանդիպումներին, մայիսի 29-ին կգումարի «Սիրիայի բարեկամների»-ի այլընտրանքային համաժողով: Այս մասին հաղորդում է ISNA տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հայտարարությունը:
«Մենք մի քանի երկրների ենք հրավիրել համաժողովին մասնակցելու համար, և եթե Աստված կամենա, հանդիպումը, ծրագրվածի համաձայն, տեղի կունենա մայիսի 29-ին: Հույս ունենք, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների շատ ներկայացուցիչներ»,- հայտարարել է Սալեհին:
Գործակալությունը չի հստակեցնում, թե որ երկրներն են հրավիրված համաժողովին:
Իրանը համաժողովի անցկացման մասին հայտարարել է «Սիրիայի բարեկամներ»-ի առաջիկա հանդիպման ֆոնին, որին մասնակցում են Արևմուտքի, արաբական մի շարք երկրներ և սիրիական ընդդիմությունը: Հանդիպումը կանցկացվի հաջորդ շաբաթվա կեսին՝ Հորդանանի մայրաքաղաքում:








































