Մայիսի 14-ին տեղի ունեցան բավական խորհրդանշական զարգացումներ: Աբովյանում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացեց իր կառուցած եկեղեցին և խաղատունը կամ ավելի շուտ ժամանցային խոշոր կենտրոնը:
Այդ հավաքին, բացման արարողություններին, մասնակցում էր Հայաստանի կամ կարելի է ասել` նույնիսկ հայկական տնտեսական և քաղաքական ողջ «շքախումբը»՝ ընդդիմադիրներով և իշխանականներով, աշխարհիկներով և հոգևորականներով հանդերձ, գումարած Բելառուսից եկած Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ահա, այս իրադարձությունների ծավալմանը զուգահեռ, երբ հայկական ողջ շքախումբը հավաքվում է Աբովյանում և պատրաստվում խնջույքի եկեղեցու բացումից հետո, հայտնի է դառնում, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի Հայաստանի քաղաքացիներին մատակարարվող գազի գինը թանկանա՝ ոչ ավել, ոչ պակաս՝ 67 տոկոսով: Գրեթե ոչ մի կասկած չկա, որ նման թանկացումը, Հայաստանում աղքատության 35 տոկոսի ցուցանիշը կհասցնի առնվազն 67 տոկոսի:
Շատ խորհրդանշական է, որ երկու այս իրադարձությունները՝ «շքախմբի» հավաքն ու գազի թանկացման «ՀայՌուսգազարդի» հայտը, տեղի են ունենում միմյանց զուգահեռ, և սա այն դեպքում, երբ ընտրություններից առաջ այդ շքախումբը իրեն լիովին այլ կերպ էր պահում: Գագիկ Ծառուկյանն ու նրա ընդդիմադիր փաստաբանները հանդես էին գալիս ժողովրդի կողքին լինելու մասին հայտարարություններով, իսկ իշխանություններն էլ հավաստիացնում էին, որ ոչ մի գազ էլ չի թանկանում: Երբ «ՀայՌուսգազարդը» գազի թանկացման հայտ էր տանում Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով, ԲՀԿ-ն ու իշխանությունները իրար կողքի էին, ճոխ սեղանների առաջ, իսկ հասարակությունը նրանց հետևում էր կողքից` լսելով, թե ինչպես է ԲՀԿ առաջնորդը խոստովանում, որ ընդդիմություն չի լինելու: Կարող էր նա այդ բանն անել ընտրություններից առաջ, սակայն չարեց, սպասեց, որ ավարտվի ամեն ինչ, որից հետո միայն հայտարարի՝ ԲՀԿ-ն ընդդիմություն չի լինի:
Իհարկե, չի լինի: Հայաստանում վաղուց ի վեր ընդդիմություն է միայն ժողովուրդը, մնացյալը ընդամենը բաժանված կամ բաժին ընկած դերեր են, որ խաղացվում են լավ կամ վատ: Գազի գնի թանկացումը հղի է ծանր սոցիալական հետևանքներով: Իշխանություններն, իհարկե, լավ են հասկանում դա, և միգուցե է սա է այն բյուրեղացման պատճառը, որ տեղի էր ունենում «ՀայՌուսգազարդի» հայտին զուգահեռ: Այսինքն` իշխանությունները ցույց էին տալիս, որ չեն պատրաստվում նահանջել և միավորվելու են, ու թող հասարակության մտքով չանցնի, որ կարող են ինչ-որ բան պարտադրել այս համակարգին: Այս տեսանկյունից, նույնիսկ միգուցե պատահական էլ չէ, որ գազի թանկացման հայտը ներկայացվել է հենց իշխանական բյուրեղացման գործողություններին զուգահեռ, այդ գործողությունների ֆոնին, որպեսզի մեկը մյուսի համեմատ դառնա առավել տպավորիչ և ներգործուն:
Փաստորեն, իշխանություններն անցել են հասարակության դեմ հոգեբանական գրոհի, ընդ որում` հմտորեն կազմակերպված, գրոհի մեջ ներքաշելով նաև ընդդիմադիր ուժերին, որոնք մասնակցում էին Աբովյանում կազմակերպված խրախճանքին ժանտախտի ժամանակ: Գրոհն անկասկած ուժգին է, և այն պետք չէ թերագնահատել: Բայց նաև հուսահատվել պետք չէ, որովհետև. 1. Հասարակությունն ինքը ներկայումս շատ ավելի համարժեք է երկրում տեղի ունեցող իրադարձություններին և համեմատության մեջ շատ ավելի պատրաստ է պայքարի մեթոդաբանության և հաստատակամության տեսանկյունից, համեմատության մեջ, բայց ավելի պատրաստ է: 2. Հասարակությունը գրոհը հետ մղելու հարցում ունի դաշնակիցներ: Դաշնակիցների շարքում շատ աղոտ են քաղաքական ուժերը, սակայն որոշակի է երկու այլ գործոն՝ տեխնոլոգիական զարգացումները, որոնք շատ ավելի դյուրացնում են հաղորդակցությունն ու ինֆորմացիայի փոխանակությունը, իսկ ինֆորմացված հասարակությունը ուժեղ հասարակություն է, և մյուս գործոնը իշխանության ներքին վիճակն ու արտաքին գործոններն են:
Հայաստանի իշխանությունները որքան էլ ձգտում են խուսափել, այնուամենայնիվ ստիպված են լինելու կայացնել բավական բարդ որոշումներ միջազգային կարևոր հարցերի ծիրում: Ընդ որում` այդ որոշումները կայացնելու ժամանակն էլ իրենք չեն որոշում: Նաև այդ հարցերում կայացվող որոշումները՝ ինչպիսին էլ դրանք լինեն, շղթայական ռեակցիայով ազդեցություն են ունենալու Հայաստանի շատ ներքին տնտեսական ու քաղաքական հարցերի վրա: Առավելապես նաև այս իրավիճակով է պայմանավորված, որ իշխանական համակարգը բյուրեղացել ու հոգեբանական գրոհ է սկսել հասարակության դիրքերի, հասարակության հոգեբանության վրա, հատկապես տեսնելով այդ հոգեբանության մեջ տեղի ունեցող էական փոփոխությունները:
Իշխանական համակարգն ինքը միջազգային զարգացումների տեսանկյունից անկյուն քշված և հոգեբանորեն ընկճված վիճակում է: Առայժմ այդ իրավիճակին տիրապետում են ընդամենը մի քանի անհատներ, իսկ համակարգային իմաստով դա չի տարածվում` ավերիչ և ինքնասպան խուճապ չառաջացնելու համար: Բայց ժամանակի ընթացքում իրավիճակը ավելի ու ավելի լայն սպեկտրով է պարզ դառնալու իշխանական համակարգի բոլոր սեգմենտների համար: Առայժմ նրանք ընդամենը բնազդային, զգայական մակարդակի ռեակցիայի մեջ են և փորձում են ճեղքել այն տեղով, որը համարում են ամենից թույլը: Իսկ այդպիսին Հայաստանի իշխանությունները համարում են Հայաստանի հասարակությանը: Նրանց մտքով իսկ չի անցնում, որ ամենաթույլ օղակն այսօր դարձել է հենց իշխանությունը: Ըստ որում` դա մի թուլություն է, որը հնարավոր չէ շտկել բոլոր սեգմենտների բյուրեղացմամբ, որովհետև նոր իրավիճակում իշխանությունների խնդիրը արդեն ոչ թե քանակի, այլ տեսակի մեջ է, ինչը նշանակում է արդեն ոչ թե ինչքան շատ, այնքան լավ, այլ ինչքան շատ, այնքան վատ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































