Առնվազն 64 խաղաղ բնակիչ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Աֆղանստանի հետ սահմանակից Կուրամ շրջանում՝ երկրի անվտանգության ուժերի կողմից իրականացված հակաահաբեկչական գործողությունների հետևանքով: Այս մասին այսօր հաղորդում է պակիստանյան The Express Tribune-ը:
Պարբերականի տվյալներով՝ օպերացիայի անցկացման գոտին վերջին օրերին շտապ կերպով լքել է ավելի քան 12 հազար տեղացի, որոնք հաստատվել են Կուրամի հարևանությամբ գտնվող շրջաններում:
Ինչպես հայտնում է թերթը, հակաահաբեկչական օպերացիան Կուրամում սկսվել է այս տարվա մայիսի 7-ին, երբ պակիստանցի թալիբները գրավեցին երկրի մի քանի պահակակետեր: Զինվորականների պատասխան գործողությունների հետևանքով վերջիններս հեռացել էին Կուրամի լեռնային շրջաններ:
Տիրախ հովտում, որը տեղակայված է միանգամից երեք «ցեղային շրջաններում»՝ Կուրամ, Օրակզայ ու Հայբեր, գտնվում են ծայրահեղականների բազմաթիվ ճամբարներ ու ահաբեկիչների բազաներ:
Տիրախում իրավիճակի կտրուկ վատթարացման հետևանքով այն արդեն լքել է 40 հազարից ավելի խաղաղ բնակիչ, որոնք տեղափոխվել են շրջանի հարևան բնակավայրեր:







































