Մեծ Բրիտանիայում 2016թ. արձանագրվել է Զիկա վիրուսով հիվանդացության 4 դեպք: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Public Heath England առողջապահության գործակալության ներկայացուցիչ Դայլիս Մորգանը:
«4 դեպք է արձանագրվել 2016թ.: Մենք հավանաբար դեպքերի մեծ թվի կբախվենք»,- ասել է նա:
Զիկա վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ (շաղկապենաբորբ), գլխացավեր, հոդացավեր, բորբոքային գործընթացներ, առանձին դեպքերում՝ սրտխառնոց և փսխում, խանգարումներ և ցավեր ստամոքսում: Վիրուսի տարածողը Aedes aegypti մոծակն է:
Տեղեկություններ կան, որ հղիության ընթացքում վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի հետևանքով գանգը զգալիորեն փոքր է լինում: Այն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նևրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով:








































