Սոմերվիլ քոլեջը, որը մտնում է Օքսվորդի համալսարանի կազմում, սահմանել է քոլեջի շրջանավարտ Մարգարետ Թետչերի անվան կրթաթոշակ՝ հաղորդում է The Daily Telegraph-ը:
Թետչերի անվան հիմնադրամի հոգաբարձուներն են ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Թոնի Բլերը, Ջոն Մեյջորը, ամերիկացի քաղաքական գործիչներ Ջորջ Բուշ-ավագը, Քոնդոլիզա Ռայսը, Հենրի Քիսինջերը, Ռոբերտ Գեյթսը և ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի այրին՝ Նենսին:
Կրթաթոշակները հատկացվելու են ամեն տարի տասը ուսանողների՝ ամբողջ աշխարհից: Կրթաթոշակի նպատակն է աջակցել ոչ հարուստ ընտանիքների երիտասարդներին, որոնք միջոցներ չունեն Օքսվորդի համալսարանում սովորելու: Ակնկալվում է, որ առաջին կրթաթոշակները կհատկացվեն 2015թ.:
Թետչերը Սոմերվիլի քոլեջ է ընդունվել դպրոցից հետո: Նա միջոցներ չի ունեցել ուսման վարձը վճարելու և հայտ է ներկայացրել՝ կրթաթոշակ ստանալու համար: Սկզբում նրան մերժել են, սակայն այն բանից հետո, երբ հավակնորդներից մեկը հրաժարվել է, Թետչերը Օքսվորդում ուսման ֆինանսավորման իրավունք է ստացել:








































