Վաղը՝ փետրվարի 10-ին տեղի կունենա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) նոր ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից, ծրագիրը կնպաստի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցմանն ու կայուն կարգավիճակի ապահովմանը:
2014 թվականին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկա վիճակի ուսումնասիրություն: Դաշտավայրն ապահովում է Հայաստանի գյուղատնտեսական ՀՆԱ-ի 40 տոկոսը: Ուսումնասիրության արդյունքում գրանցվել է ստորերկրյա ջրերի մակարդակի կտրուկ նվազում՝ հիմնականում պայմանավորված ձկնաբուծարանների աճի եւ ջրօգտագործման անարդյունավետ կառավարմամբ:
ԱՄՆ ՄԶԳ եռամյա ԳԱՏՕ ծրագիրը նպաստելու է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներին վերաբերող տվյալների արդիականացմանը, ընտրված 10 ձկնաբուծարաններում ջրառի ծավալի ավտոմատ վերահսկման համակարգի տեղադրմանը, ինչպես նաեւ ջրի եւ էներգիայի օգտագործման նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը: Կուսումնասիրվեն եւ ՀՀ կառավարությանը կներկայացվեն առաջարկություններ՝ ձկնաբուծության նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման վճարի օպտիմալ դրույքաչափերի սահմանման նպատակով: