Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո այդ ընտրություններում շուրջ 37 % քվե ստացած՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները, համաժողովրդական շարժում նախաձեռնեց՝ ժողովրդին դուրս բերելով Ազատության հրապարակ: Սակայն այդ ամենն ավարտվեց ապրիլի 9-ին ՝ ոչ էական արդյունքներով, ոմանց գնահատմամբ՝ շարժման տապալմամբ:
Այս շարժումը դեռևս չավարտված՝ նոր շարժում է սկսում «Նախախորհրդարան» նախաձեռնությունը՝ մայիսի 17-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրելով: Այս պայմաններում շատերի համար դժվար է հասկանալ, թե ինչ կարող է անել «Նախախորհրդարանը», եթե Րաֆֆի Հովհաննիսյանն, ունենալով բավականին շատ քաղաքական աջակիցներ, ոչինչ չկարողացավ անել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանն ասաց, որ իրենց նպատակն իշխանափոխությունը չէ, իրենք ավելի գլոբալ նպատակ են հետապնդում, այն է՝ համակարգային փոփոխությունը, որովհետև, Վարդան Հակոբյանի համոզմամբ, ՀՀ ներկայիս իշխանություններով չէ պայմանավորված երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, քանի որ ՀՀ իշխանություններն այսօր ադմինիստրատիվ գործառույթ են կատարում: Ըստ Վ. Հակոբյանի՝ իրենց նպատակը երկրում համակարգի փոփոխությունն է։
«Րաֆֆին հայտարարել էր, որ ինքը պատրաստ է լսել առաջարկություններ շարժման հետագա ուղղության վերաբերյալ, իսկ մենք առաջարկում ենք մեր ճանապարհը, որը տանում է ոչ թե ընտրությունների միջոցով նախագահի փոփոխության, այլ ամբողջ համակարգի փոփոխության, որը նաև Ազատության հրապարակում ենք առաջարկել: Րաֆֆին մինչև վերջին վայրկյանը մտածում էր՝ ընդունել-չընդունել մեր առաջարկները, չէր հաստատում, այնքան ձգձգեց մինչև ապրիլի 9-ը, որ մենք տեսանք, թե այդ ամենն ինչով ավարտվեց: Մենք ականատեսն ենք եղել ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի, այնպես էլ բոլոր շարժումների առաջնորդների ձախողմանը: Ուստի փաստն այն է, որ մինչ այսօր ընտրությունների միջոցով, շարժման արդյունքում իշխանական վերնախավի փոփոխություն տեղի չի ունեցել: Պետք է հետևություններ անել, որ այս համակարգի կազմակերպած ընտրություններն անօգուտ են ցանկացած պայքարի համար»,- մեկնաբանեց Վարդան Հակոբյանը՝ հավելելով, որ «Նախախորհրդարանն» առաջարկում է և՛ ընտրությունների, և՛ հետագա փոփոխությունների իր տարբերակը:
Նախաձեռնության ներկայացուցչի փոխանցմամբ՝ «Նախախորհրդարանը» շուտով կներկայացնի զանգվածային քննարկման իր տեսլականը, որն արդեն իր համար պարզ է, մի քանի կետային հարցեր են մնացել քննարկելու: Վարդան Հակոբյանն ընդգծեց, թե «Նախախորհրդարանը» չի ասում «սա տվեք մեզ, և ամեն ինչ լավ կլինի», այդպես չի լինելու և այդպես չի կարղ լինել, քանի որ Հայաստանում վաղուց փոփոխություններն անձերը չեն որոշում։ ՀՀ համակարգը պետք է փոխվի ամբողջովին, պետք է սատարի այլ նպատակների, որոնք առ այսօր ձևակերպված չեն Հայաստանի կառավարման ոչ մի օղակում: Նրա համոզմամբ՝ «Նախախորհրդարանի» հաջողության գրավականը լինելու են հենց ձևակերպված ծրագրերը, որոնք առաջիկայում ներկայացվելու են:
«Եթե «Նախախորհրդարանը» կարողանա տալ այն առաջարկը, որի շուրջ բնակչության գերակշիռ մասը կհավաքվի, դա կհանի ՀՀ-ն ճգնաժամից։ Եթե կանի մի առաջարկ, որի շուրջ չեն հավաքվի մարդիկ, ուրեմն «Նախախորհրդարանը» չկարողացավ իր առջև դրված նպատակն իրագործել: Սակայն այս ճանապարհին կարևոր են նաև աջակիցները, բայց դրանք լինելու են հասարակ քաղաքացիները, որոնք մտահոգված են երկրի ապագայով: Մենք կարիք ունենք ստանալ երկրի ինտելեկտուալ հատվածի աջակցությունը, որպեսզի երկիրն իր համակարգի շնորհիվ աշխատի և կախված չլինի որևէ նախագահի քմահաճույքից: Դա պետք է լինի աշխատող համակարգ, որտեղ անձերը զուտ սպասարկող են և ոչ թե թելադրող: Մենք ուզում ենք պրոֆեսիոնալ երկիր դառնալ, որտեղ բոլոր ղեկավարները, քաղաքացիները կմասնակցեն երկրի կառուցման գործին: «Նախախորհրդարանը» ձևավորում է մի անցումային միջավայր, որը կնախապատրաստի նոր որակի ընտրություններ, որտեղ կձևավորվի նոր քաղաքական էլիտա՝ քաղաքական էլիտա, ոչ թե հանցագործ կառույց»,- ասաց դիրիժոր, «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը: Վերջինս նշեց նաև, որ իրենք մտավախություն չունեն, թե իշխանությունն իրենց քայլերին և առաջարկներին բիրտ ուժով կպատասխանի, քանի որ ոչ մի անօրեն քայլ չեն կատարելու:
Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացել էինք «Նախախորհրդարանի» տարածած հայտարարությունից, մայիսի 17-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում ներկայացվելու են.
1. Հայաստանում ձևավորված նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը,
2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտամացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,
3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,
4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:











































