Ուղեղի որոշակի ճանաչողական գործառույթներ փոխվում են՝ կախված տարվա եղանակից՝ պնդում են գիտնականները: Իրենց եզրակացությունները նրանք հրապարակել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են 28 կամավորներ: Գիտնականները չափել են նրանց կոգնիտիվ գործառույթները ձմռանը, գարնանը, ամռանը և աշնանը: Յուրաքանչյուր սեզոնին կամավորները 4.5 օր անցկացրել են լաբորատորիայում՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի: Յուրաքանչյուր փորձաշրջանից հետո նրանց ուշադրությունը և նպատակաուղղվածությունը ստուգվել է թեստերի միջոցով:
Թեստերի արդյունքները տարբեր են եղել՝ կախված տարվա եղանակից: Օրինակ՝ ուշադրության կենտրոնացվածությունը ամենաբարձրն է եղել հունիսին՝ ամառային արևադարձի ժամանակ, իսկ ամենացածրը՝ ձմեռային արևադարձի ժամանակ:
Կարճաժամկետ հիշողությունը իր բարձրակետին է հասել աշնանը և ամենացածրը եղել է գարնանային գիշերահավասարի ժամանակ:








































