ՌԴ Պետդումայում պատրաստել են Բարեկամության և եղբայրության մասին մոսկովյան պայմանագրի չեղարկման մասին դիմում: Պայմանագիրը կնքվել է 1921թ. մարտի 16-ին ՌՍՖՍՌ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունների միջև: Այսպիսի առաջարկով Պետդումայի Կոմկուսի խմբակցությունը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին: Նամակի կրկնօրինակը հայտնվել է «Իզվեստիա»-ի տրամադրության տակ:
Հայտի հեղինակներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը մատնանշում են Մոսկվայի նկատմամբ Անկարայի ագրեսիվ պահվածքի շարունակական գիծը:
«Ենթադրում ենք, որ հիմա թուրքական ագրեսիայի աճի պայմաններում մենք պետք է իրավաբանորեն մշակենք մեր երկրի և նրա դաշնակիցների համար բոլոր ոչ ձեռնտու ռուս-թուրքական համաձայնագրերի վերանայման հնարավորությունը»,- նշել է Օբուխովը: Ըստ նրա՝ Անկարան պետք է հասկանա՝ իր համար ինչ հետևանքներ կարող է ունենալ հակամարտության սրումը: «Միայն դա կարող է նրան սթափեցնել և հետ պահել նոր սադրանքներից»,- հայտարարել է օրենսդիրը:
«Իզվեստիա»-ի տեղեկությամբ՝ այդ նախաձեռնությանն աջակցում է «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն: Ըստ պատգամավոր Օլեգ Պախոլկովի՝ Մոսկովյան պայմանագիրը ստորագրվել է ի վնաս Ռուսաստանի շահերի:
Առանց Հայկական ԽՍՀ-ի, Ադրբեջանական ԽՍՀ-ի և Վրացական ԽՍՀ-ի մասնակցության կնքված Մոսկովյան պայմանագիրը սահմանել է Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն այդ երկրների հետ՝ ամրագրելով Թուրքիայի տարածքային ձեռքբերումները Ալեքսանդրապոլի պայմանագրով՝ մի շարք բացառություններով:







































