ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր մասնակցելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած Սբ. Հովհաննես եկեղեցու օծմանը, չնայած այն բանին, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երեկ սպառնացել է, որ «Գալուստ Սահակյանի նմանները խայտառակ անփառունակ վախճան են ունենալու»: Երեկ ՀՀԿ փոխնախագահը հայտարարել էր, թե բացի իրենցից, ով լինի իշխանություն` Ղարաբաղը տալու է, և ՀՀԿ-ն պետք է լինի իշխանություն, քանի դեռ ունենք ազգային խնդիրներ: «Ես այդ հայտարարությունը կորակեի անպարկեշտ, որովհետև ես վստահ եմ, որ Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որ իշխանության գալով` անի այն, ինչը պատկերացնում է Գալուստ Սահակյանը: Իսկ Գալուստ Սահակյանի հայտնած երկրորդ միտքը՝ «Մեր դեմ խաղ չկա» նույն սերիայից է, նույն գործելաոճն է: Խայտառակ անփառունակ վախճան են ունենալու նման հայտարարություն անողներն իրենց քաղաքական ուժերով հանդերձ, ես ձեզ վստահեցնում եմ»,- Zham.am-ին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ չի՞ վախենում Նաիրա Զոհրաբյանի սպառնալիքներից:
– Պարոն Սահակյան ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը սպառնացել է, թե Ձեր նմաններին խայտառակ անփառունակ վախճան է սպասվում…:
– Դա ինձ չի կարող վերաբերի, որովհետև ես փառքերի հետևից երբեք չեմ ընկել, որ մտածեմ` փառքս կորցրեցի:
– Դուք ասել եք, ՀՀԿ-ից բացի՝ ով գա իշխանության, Ղարաբաղը տալու է: Նաիրա Զոհրաբյանն էլ վստահեցրել է, թե խայտառակ անփառունակ վախճան են ունենալու նման հայտարարություն անողներն ու նրանց քաղաքական ուժերը: Դուք չե՞ք վախենում, որ նման հայտարարություններ եք անում: Օրինակ` Նաիրա Զոհրաբյանից չե՞ք վախենում:
– Ես որևէ մեկից չեմ վախենում, և ոչ էլ դա իմ վրա եմ ընդունում, ոչ էլ խոսքս վերաբերել ա էդպես ծանր կացությանը: Խնդիրը հետևյալն է, որ մենք միակ կուսակցությունն ենք, ինչ-որ չափով նաև Դաշնակցությունը, որ մեր քաղաքական հավատամքի հիմնաքարը դա է: Մյուս կուսակցությունները տարբեր խնդիրներ, տարբեր գաղափարներ առաջ են քաշում: Հետո, ով որ վիրավորվել է, իր վրա է վերցնում, թող վերցնի: Ես հատուկ որևէ ուղղվածություն դրան չեմ տվել: Դա հռետորական գործընթաց էր: Իսկ եթե որևէ մեկն ինձ բան է ասում, Աստված իրա հետ:
– Նաև` ուզում եմ հասկանալ, ինչի՞ Ղարաբաղը ՀՀԿ-ն է ազատագրել, որ տա կամ չտա ինչ-որ մեկին:
– Ձեր հարցի պատասխանը պատմությունն է, ընդամենը: Ուսումնասիրեք և կհամոզվեք: Ղարաբաղը ազատագրել է ամբողջ հայ ժողովուրդը: ՀՀԿ-ն երբ գրանցվել է կուսակցություն, հենց բազան եղել է անկախության բանակը, որը պայքարում էր և այդ թվականներին պաշտպանական մեծ միջոցառումներ էր իրագործում: Առավել ևս` ջոկատներ է ունեցել ամբողջ Հայաստանի տարածքում:
– Փաստորեն, Նաիրա Զոհրաբյանը Ձեզ սպառնում է անփառունակ վախճանով, Ձեր կարծիքով, ինչ-որ բան կկազմակերպվի՞ Ձեր դեմ:
– Ոչ մի բան էլ չի կազմակերպվի, նաև Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից եմ գոհ: Քաղաքական գործիչը առանց խորքերին ծանոթանալու ընդհանրապես հայտարարություններ պիտի չանի: Իմ փառքը միայն հենց նա է, որ ես ինչ ասում եմ` դիպուկ եմ ասում, տեղին եմ ասում և չեմ հասցեագրում:
– Դե դրա համար էլ Ձեզ սպառնում են, որ Դուք անփառունակ վախճան կունենաք:
– Լավ ա անում, ինչ անենք, կին ա, սպառնում ա: Գալուստ Սահակյանն էլ սպառնալիքներից չի վախենում, որովհետև ամբողջ կյանքը ապրել է պայքարի մեջ, և նման տիպի սպառնալիքները լուրջ չեմ ընդունում:
– Պարոն Սահակյան, մասնակցելո՞ւ եք Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու օծմանը:
– Հրավերք ունեմ, կարծում եմ` այո:
– Իսկ մտավախություն չունե՞ք, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է տեղում իրագործել իր սպառնալիքը՝ անփառունակ վախճանի հետ կապված:
– Իմ փոխարեն մի վիրավորվեք: Ես լուրջ չեմ ընդունում: Անհեթեթ բան է: Մի մասը կարող է վախից արտահայտվել, մյուսը մտքում արտահայտվել:
– Քանի որ Նաիրա Զոհրաբյանը նաև Ձեր խնամին է, հնարավո՞ր է՝ սա նաև բարեկամական հարթության մեջ քննարկվի:
– Ամբողջ ազգն ինձ բարեկամ ու խնամի է, բայց Նաիրա Զոհրաբյանն ինձ խնամի չէ: Ընդամենը իմ պատգամավոր գործընկերն է:
– Ձեր տղայի աներձագի զոքանչը չէ՞:
– Եթե խորանանք, բոլորի հետ էլ որևիցե բարեկամական կապեր կարամ ունենամ: …Բոլորը կարող են սպառնալ, ով սպառնում է, առաջինն է վախենում, իսկ ինձ հասցեագրված մտքերը ես լուրջ չեմ ընդունում:
– Բայց կոնկրետ սպառնալիք է հնչեցվել, որ Ձեզ և ՀՀԿ-ին անփառունակ վախճան է սպասվում:
– Շատ ճիշտ է ասել, որովհետև ոչ ես, ոչ ՀՀԿ-ն փառքի ճանապարհներով չենք գնում:
– Պարոն Սահակյան, այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի նախագահին դիմավորել է Գագիկ Ծառուկյանը: Սա ի՞նչ է նշանակում, որ այլևս նախագահներին Գագիկ Ծառուկյա՞նն է դիմավորում:
– Լուկաշենկոյին պաշտոնական դիմավորողը Արթուր Բաղդասարյանն էր: Էնպես որ, Ծառուկյանը կարող է մասնակցել, որովհետև անձնական, ընկերական կապեր ունի Լուկաշենկոյի հետ:








































