«Չնայած սյն հանգամանքին, որ Երևանի ավագանու ընտրությունները շատ ավելի փոքր մասշտաբներ ունեին, սակայն ավելի վատ անցկացվեցին, ընտրախախտումներն ավելի կոպիտ էին, ավելի ակնհայտ և ավելի անընդունելի,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ ավելացնելով,- Ավագանու ընտրությունների տարբերությունը նախորդների նկատմամբ այն է, որ դրանք հատեցին համբերության բոլոր սահմանները, և ևս մի այսպիսի ընտրություններ անցկացնելն արդեն չափից ավելին կլինի:
Արդյունքը ճնշումն է ոչ միայն հայ հասարակության, այլև միջազգային հանրության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունները Եվրոպական միության հետ: Սակայն որոշ հանգամանքների առկայության դեպքում սրանք կարող են դառնալ Հայաստանի վերջին կեղծված ընտրությունները, որովհետև նախագահ Սարգսյանը, որպես քաղաքական էլիտա, գտնվում է անցումային և անկումային վիճակում, նա վերջին մոհիկանն է: Հաջորդ ընտրությունները կձևավորեն նոր քաղաքական վերնախավ, և պարտադիր չէ, որ այն ավելի լավը կլինի, մենք չենք կարող կանխագուշակել»:
Իսկ պատասխանելով հարցին, թե ի՞նչ զարգացումներ կարող են լինել անցած երկու ընտրություններից հետո, նա ասել է. «Ընդհանուր առմամբ՝ կարող ենք փաստել, որ այս ընտրությունները պարտություն էին ընդդիմության համար, որն ի վիճակի չեղավ առաջ բերել հստակ այլընտրանք, այսինքն՝ ընդդիմությունը չկարողացավ միավորվել: Բայց նույնիսկ առանձին-առանձին նրանք, օրինակ՝ Դաշնակցությունը, չկարողացան հետաքրքրություն առաջացնել ընտրողների շրջանում: Սա ընտրություն էր՝ առանց հաղթողների, և բոլորն էլ պարտվեցին, պարտվեցին և մարդիկ, և կուսակցությունները»:










































