ԱՄՆ-ում խոշորագույն լրատվական գործակալությունը՝ Associated Press-ը, երկուշաբթի բողոք է հայտնել ընդդեմ երկրի իշխանությունների գործողությունների: Իշխանություններին հասանելի են գործակալության լրագրողների զանգերի մասին տվյալները:
Ինչպես հայտնում է AP-ն՝ հղում անելով իր փաստաբաններին, արդարադատության նախարարությունը 2012-ի ապրիլ-մայիս ամիսներին գաղտնի ստացել է ավելի քան 20 հեռախոսագծերի ելքային զանգերի մասին տվյալների պատճեն: Այդ գծերով կարող էին աշխատել ավելի քան 100 լրագրողներ: Հեռախոսները գտնվել են գործակալության՝ Նյու Յորքի, Վաշինգտոնի և Հարթֆորդի (Կոնեկտիկուտ) գրասենյակներում:
Գործակալության նախագահ և գլխավոր տնօրեն Գերի Պրյուիտը հայտարարել է, որ պետությունը պահանջել է և ստացել ավելի շատ տեղեկատվություն, քան անհրաժեշտ կլիներ ցանկացած հետաքննության շրջանակում:
Նախագահի խոսքով՝ այդ տվյալների միջոցով կարող են պատկերացում կազմել տեղեկատվության հավաքման ողջ ոլորտում գաղտնի աղբյուրների հետ կապի մասին: Նրա խոսքով՝ պետությունը նման տեղեկություն ստանալու իրավունք չունի:
ԱՄՆ իշխանությունները չեն հայտնել, թե ինչ հիմունքներով են ցանկացել ստանալ այդ տվյալները, սակայն գործակալությունը կասկածում է, որ խոսքը 2012-ի մայիսի 7-ի լրատվության վերաբերյալ հետաքննության մասին է: Այդ ժամանակ գործակալությունը ներկայացրել էր Եմենում ԿՀՎ-ի օպերացիայից մանրամասներ, որն օգնել է բացահայտել «Ալ-Քաիդայի» դավադրությունը՝ 2012-ի գարնանը ԱՄՆ ուղևորվող օդանավում ռումբի պայթեցման մասին:
ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Բրեննանը քննադատել էր գործակալությանը գաղտնի տեղեկատվության վտանգավոր և չարտոնված բացահայտման համար:









































