Բեռնակիրների գործադուլի պատճառով Բրյուսելի միջազգային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 50, հետաձգվել մի քանի տասնյակ չվերթներ: Բրյուսելի միջազգային օդանավակայանը ԵՄ-ի խոշորագույն օդանավակայաններից մեկն է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բեռնակիրների խոշորագույն «Սվիսփորթ հենդլինգ» կազմակերպության անձնակազմի գործադուլը շարունակվում է ավելի քան մեկ օր: Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչ Յան Վան դեր Կրյուսեի խոսքով՝ օդանավակայանի պահուստներում ավելի քան 10 հազար միավոր ուղեբեռ է կուտակվել:
Նրա խոսքով՝ ուղևորները ծայրաստիճան բորբոքված են. ժամանող ուղևորներին ուղեբեռները չեն տալիս, իսկ թռչողներից դրանք չեն ընդունվում: Օդանավակայանը խոստանում է գործադուլի ավարտից հետո բոլոր ճամպրուկները ուղարկել ուղևորների տներ: Օդանավակայանի ղեկավարությունը թռչողներին խորհուրդ է տալիս իրենց հետ վերցնել միայն ձեռքի պայուսակ:
Արհմիությունները պահանջում են մեծացնել օդանավակայանում բեռնակիրների թիվը. ներկայում 180 հոգանոց օդանավը բեռնում են երկու անփորձ բանվորներ: Ընկերության ղեկավարության հետ արհմիությունների բանակցություններն ավարտվել են անարդյունք, այդ իսկ պատճառով գործադուլը կշարունակվի առնվազն ևս մեկ օր: