Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայի գիտական կենտրոնների գիտնականները լեզուներում հայտնաբերել են բառեր, որոնք օգտագործվում են առնվազն 14.5 հազար տարի:
Ռեդինգի համալսարանի գիտնական Մարկ Փեյջելը նշել է, որ գիտնականները լեզվի էվոլյուցիան հասկանալու համար օգտագործում են «կոգնատի» (միարմատ բառեր, որոնք ունեն ընդհանուր ծագում և նման հնչողություն երկու կամ ավելի լեզուներում), ինչպես կենսաբաններն օգտագործում են ԴՆԹ՝ կյանքի էվոլյուցիան ուսումնասիրելու համար:
Օրինակ՝ գորիլաների, շիմպանզեների և մարդու գենետիկական մերձավորությունը կազմում է 99%, ինչը նշանակում է, որ նրանք ունեն ավելի հին նախնի: Նույնը նաև լեզուների էվոլյուցիայի դեպքում է. այն դեպքում, եթե անգլերենը և ֆրանսերենն ունեն բառերի շուրջ 50%, որոնք ծագում են ընդհանուր լեզվական նախնուց, ապա անգլերենի և գերմաներենի համեմատության ժամանակ այդ ցուցանիշն ավելի քան 70% է, հետևաբար այդ լեզուներն ունեն ավելի հին նախնի, քան անգլերենը և ֆրանսերենը:
Ավելի վաղ պրոֆեսոր Փեյջելը այլ մասնագետների հետ ապացուցել է, որ յուրաքանչյուր 2-4 հազար տարին մեկ որոշակի բառեր փոխարինվում են մեկ այլ բառերով՝ 50% հավանականությամբ: Օրինակ՝ այդպիսին է wata (ջուր) նախահնդեվրոպական բառը, որը անգլերենում հնչում է որպես water, գերմաներենում՝ wasser, ֆրանսերենում՝ eau:
Գիտնականներն ապացուցել են նաև, որ այնպիսի բառեր, ինչպիսիք են I (ես), you (դու, ), here (այնտեղ), how (ինչպես), two (երկու) փոխվում են միայն յուրաքանչյուր 10-20 հազար տարին մեկ:
Այս անգամ գիտնականներն ավելի հեռուն են գնացել. Նրանք կազմել են բառեր, որոնք պատկանում են Եվրասիական մի քանի լեզվական ընտանիքների: Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ հնդեվրոպական, ալթայան, չուկոտա-կամչատկյան, ուրալյան, քարթվելյան և մի քանի այլ լեզվական ընտանիքների լեզուների հիման վրա կազմվել է վիճակագրական մոդել, որը թույլ է տվել բացահայտել 23 բառ:
Այսպիսին է մասնավորապես «դու» բառը (անգլերենում՝ thou), համահնդեվրոպական te կամ tu (արտաբերվում է t`i նախաալթայան ընտանիքում և turi նախաչուկոտա-կամչատկյան): Բացի այդ not, that, we, who, give բառերը կոգնատի են ունեցել հինգ լեզվաընտանիքներում, իսկ mother, hand, fire, ashes, worm, hear, pull բառերը՝ չորս:
Դատելով փոփոխությունների արագությունից, գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ բառերն օգտագործվել են վերջին 14.5 հազար տարիներին, ինչն իր հերթին ամրապնդում է ընդհանուր եվրասիական սուպերընտանիքի գոյության գաղափարը:









































