ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած համատեղ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե ՊՎ-ն պատրաստվում է ստուգումներ անցկացնել սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններում:
Ըստ Իշխան Զաքարյանի` Վերահսկիչ պալատը լայնածավալ ստուգումներ է սկսելու պետական նպաստների հաշվարկման և տրամադրման գործընթացի, ինչպես նաև ՀՀ կառավարության թիվ 352 և 510 որոշումների համապատասխան ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների, ընտանեկան, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի և այլ պետական նպաստների հատկացումների օրինականությունը պարզելու ուղղությամբ:
Իշխան Զաքարյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի կողմից խնդիր է դրվել ուսումնասիրել նպաստների բնագավառը հանրապետության ողջ տարածքում: Իսկ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը և խախտումները անթույլատրելի են, իսկ սոցիալական ոլորտում՝ առավել ևս: