Google ընկերությունը փակել է SMS Search ծառայությունը: Այս մասին հայտնում է gHacks-ը: Ծառայությունից օգտվելու փորձի դեպքում օգտատերերը ստանում են հաղորդագրություն այն մասին, որ այն այլևս չի գործում: Անհասանելի է նաև SMS Search-ին նվիրված վեբ կայքը:
SMS Search-ի փակման փաստը հաստատել է նաև Google-ի ներկայացուցիչը, որի խոսքով՝ այս կամ այն ծառայության փակման մասին որոշում ընդունելը հեշտ չէ ընկերության համար, սակայն այդ քայլն օգնում է Google-ին կենտրոնանալու նոր արտադրանքների վրա:
Ծառայությունը առաջին հերթին նախատեսված է եղել առանց դիտարկիչի հասարակ բջջային հեռախոսների տերերի համար:
Ծառայությունն աշխատել է միայն մի քանի երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Հնդկաստանում, Չինաստանում, Պակիստանում և Ճապոնիայում:
SMS Search-ի փակումը պայմանավորված է նրանով, որ հասարակ բջջային հեռախոսները կորցնում են ժողովրդականությունը՝ իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ սմարթֆոններին:










































