Կոտայքի մարզպետարանում կան միայն մեկ-երկու ԲՀԿ-ական աշխատողներ, որոնք կշարունակեն աշխատել մարզպետարանում, եթե նույնիսկ ԲՀԿ-ն հայտարարի ընդդիմություն դառնալու մասին: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Նա նշեց, որ նույնիսկ տեղյակ չէ, թե ԲՀԿ ներկայացուցիչները խոսել են ընդդիմություն դառնալու նպատակահարմարության մասին: Ըստ նրա՝ միգուցե Վարդան Օսկանյանն իր սեփական կարծիքն է արտահայտել, որը դեռևս կուսակցության դիրքորոշումը չէ:
«Չեմ կարծում, թե դա իրականության հետ առնչություն ունի, ի դեպ, իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ, թող դեռ հայտարարեն, որ ընդդիմություն են»,- նկատեց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, թե ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալու դեպքում ԲՀԿ-ականներն աշխատանքից կհեռացվեն, ասաց՝ Կոտայքի մարզպետարանում ԲՀԿ-ական աշխատողները մեկ-երկուսն են: Նրա կարծիքով՝ աշխատանքի իրավունք ունեն բոլորը: «Եթե ընդդիմություն են, նրանք ևս պետք է աշխատանք ունենան: Մեր երկրում ամեն մարդ աշխատանքի իրավունք ունի՝ անկախ կուսակցական պատկանելությունից»,- ասաց Կովալենկո Շահգալդյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառումով, որում հայտարարել էր, որ սեպտեմբերին ԲՀԿ-ն պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին և նման կարգավիճակ ստանձնի:









































