Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում «Վրացական երազանք»-ից որոշել է առաջադրել կրթության նախարար Գրիգորի Մարգվելաշվիլիին:
Նշենք, որ վերջին շրջանում հաճախ էին շրջանառվում նախագահի այլ հավանական թեկնածուների անուններ՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Սահմանադրության հեղինակ Վախթանգ Խմալաձե, Սալոմե Զուրաբեշվիլի:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Բազմազգ Վրաստան քաղաքացիական նախաձեռնության նախագահ Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ առաջադրված թեկնածուն բավականին խելացի անձնավորություն է:
«Նա ոչ միայն ակտիվ գործունեություն է ծավալում որպես կրթության նախարար, այլև քաղաքականության մեջ է բավականին ակտիվ: Հաճախ է հանդիպում նաև հայ ուսանողների հետ: Քաղաքական բոլոր բանավեճերը ավարտվում են նրա հաղթանակով, ընդգծված արևմտամետ գործիչ է: Կարծում եմ՝ միանգամայն ճիշտ որոշում է»,- նշեց նա:
Առնոլդ Ստեփանյանը հավելեց, որ վրացական մամուլում վերջին շաբաթների ընթացքում որպես «Վրացական երազանք»-ի թեկնածու շրջանառվում էր հիմնականում հենց նրա անունը: Մեր հարցին՝ ինչո՞ւ չառաջադրվեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, քանի որ շատ էր խոսվում հենց նրա թեկնածության մասին, Ա. Ստեփանյանը պատասխանեց. «Ալասանիան իր հարցազրույցներից մեկում արդեն ակնարկել էր, որ ինքը չի լինելու թեկնածուն, հետևաբար իր անվան շուրջ ինտրիգն ավարտվել էր: Նա ասել էր՝ սա կարծես բրազիլական սերիալ լինի, որի վերջը ես արդեն գիտեմ: Վրացիների համար նրա այդ պատասխանը միանգամայն պարզ և հստակ էր, մարդիկ արդեն մի քանի շաբաթ է՝ գիտեին, որ նախագահի թեկնածուն նա չի լինելու»:
Իր հերթին Ջավախքի «Վիրք» չգրանցված կուսակցության նախագահ Դավիթ Ռշտակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանում առաջիկա նախագահական ընտրություններին՝ նշեց, որ այս անգամ ևս հույսեր են կապում հենց «Վրացական երազանքի» հետ: Այդուհանդերձ, դժգոհություն հայտնեց ընտրական համակարգի վերաբերյալ. «Ասեմ, որ Վրաստանում ընտրություններն անցնում են շատ ավելի վատ, քան Հայաստանում: Ես չեմ ասում, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բայց Վրաստանի համեմատ շատ ավելի ժողովրդավարական է»:
Մեր հարցին՝ եթե այդպես է, ապա ինչպե՞ս կարողացավ խորհրդարանական ընտրություններում հաղթել «Վրացական երազանք»-ը, Դ. Ռշտակյանը պատասխանեց. «Մարդիկ չարացած էին Սաակաշվիլիի ռեժիմի դեմ, ինչի պատճառով էլ իրենց ձայնը տվեցին Իվանիշվիլիին: Դա պարզապես ցասում էր, նախկին իշխանությունների հանդեպ զայրույթի պոռթկում»:
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմություն դարձած «Միացյալ ազգային շարժումը» դեռևս նախագահի թեկնածուի անունը չի հայտնել: Շարժման ղեկավար, Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարող առաջադրվել, քանի որ արդեն երկու ժամկետ պաշտոնավարել է:
Մեզ հետ զրույցում Դավիթ Ռշտակյանը նշեց, որ շատ հնարավոր է՝ Սաակաշվիլիի թիմից առաջադրվի Վրաստանի նախկին վարչապետ, «Ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին:









































