Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Երկրի ղեկավարը թագավորական թանկարժեք իրերի ցուցահանդեսի բացմանը, որը ընթանում է Պրահայի Վլադիսլավյան սրահում, ներկայացել է լիովին հարբած վիճակում:
Ինչպես նշում են չեխական լրատվամիջոցները, Չեխիայի նախագահը դժվարությամբ է կանգնել ոտքի վրա՝ փորձելով հենվել պատին: Լրատվամիջոցների շրջանում նաև տեղեկատվություն է հայտնվել, որ Զեմանը մինչ այդ հայտնվել էր ռուսական դեսպանատանը, որտեղ կայացել էր Հաղթանակի օրվան նվիրված պաշտոնական միջոցառումը:
Համացանցում լայն տարածում է ստացել այն տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Միլոշ Զեմանը դժվարությամբ կանգնում ոտքերի վրա և հավասարակշռությունը պահում: Այժմ, ինչպես նշում են չեխական լրատվամիջոցները՝ Չեխիայի քաղաքացիների շրջանում Միլոշ Զեմանը նոր անուն է ստացել՝ «Բեխերովկա»: Այդ անունն է կրում երկրում բավականին տարածում գտած ալկոհոլային ըմպելիքը:
Ըստ պաշտոնական վարկածի՝ երկրի ղեկավարը այդ օրը ալկոհոլ չի օգտագործել, իսկ նրա վատ տեսքը կապված է եղել վատ ինքնազգացողության հետ, քանի որ նախօրեին Զեմանը ինչ-որ վիրուսով էր վարակվել, որից հետո ստիպված էր եղել հայտնվել ցուցահանդեսի բացմանը նման վիճակով:
Միլոշ Զեմանը Չեխիայի երրորդ նախագահն է: Նա առաջին նախագահն է, ով իշխանության է եկել համազգային ընտրությունների արդյունքում:








































