Արգենտինայի հարավային շրջաններից մեկում ախոռը վերածել են թանգարանի, որտեղ ավելի քան կես դար առաջ գիշերել է լեգենդար հեղափոխական Էռնեստո Չե Գևարան: Նա այդտեղ է գիշերել 1952 թվականին Լատինական Ամերիկայում ճանապարհորդության ժամանակ՝ հայտնում է TASS-ը:
Թանգարանը ստեղծողները 1946 թվականին կառուցված ախոռը վերականգնել են թանգարանային շենքերի նկատմամբ գոյություն ունեցող պահանջներին համապատասխան՝ միաժամանակ հնարավորինս պահպանելով շինության արտաքին տեսքը: Նրա կողքին տեղադրել են բենզալցակայան, ինչպիսին եղել է այնտեղ 1952 թվականին: Հուլիսին բենզալցակայանի մոտ կհայտնվի Norton 500 մոտոցիկլետը, ինչով 7 ամիս ճանապարհորդել է Էռնեստո Չե Գևարան:
Թանգարանում կցուցադրվեն արխիվային լուսանկարներ, անձնական իրեր և նրա կողմից գրված մի քանի տեքստեր:







































