«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ակտիվիստ Սյուզի Գևորգյանը, ով տարեսկզբին երկու անհայտ տղամարդու կողմից ծեծի էր ենթարկվել իր բնակարանի հարակից տարածքում, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հիմա էլ են իրեն հետևում։ Ընդ որում, իրեն հետապնդող անձը փորձ է անում սադրել իրեն, որպեսզի միջադեպ հրահրի։
«Նախօրեին ես իմ հետ պատահած դեպքից հետո փորձեցի առաջին անգամ միայնակ դուրս գալ տնից և Բաղրամյան պողոտայով քայլեցի դեպի Ազատության հրապարակ, սակայն զգացի, որ իմ հետևից մեկը քայլում է։ Ազատության հրապարակում նա լրիվ մոտեցավ ինձ ու սկսեց ինչ-որ բաներ խոսել։ Ես հորդորեցի, որ ինձանից հեռու քայլի, բայց նա սկսեց բարձր գոռգոռալ, թե էդպես եմ անում էլի, ու սկսեց ինչ-որ անհասկանալի բաներ ասել։ Ես հասկացա, որ նա ամեն գնով փորձում էր ինձ սադրել, դրա համար արագ հեռացա»,- մեզ հետ զրույցում պատմեց ակտիվիստն ու ավելացրեց, որ երբ երեկոյան վերադարձել է տուն, իր տան մոտ կրկին տեսել է այդ մարդուն, որը իրենց շենքից քիչ հեռու կանգնած է եղել։
«Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ եթե ինձ չեն հետևում, ապա որտեղի՞ց այդ մարդն իմացավ իմ տան տեղը։ Ես հստակ կարող եմ ասել, որ ինձ հետևում են և ինչ որ բան են պլանավորում, իսկ թե ինչ՝ դեռ չեմ կարող ասել։ Իսկ պատճառը իմ քաղաքական հայացքներն են, իմ գործունեությունը»,- հավելեց Սյուզի Գևորգյանը։
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հետևելու հետ կապված իրավապահներին չի դիմել, քանի որ դեռ ծեծի գործը չի բացահայտվել՝ այն դեպքում, երբ տարածքում մի քանի տեսախցիկներ կային, դատաբժշկի եզրակացությունը, որը փաստում է, որ ինքը գլխուղեղի ցնցում է ստացել։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ քրեական գործ է հարուցվել, և նախաքննություն է կատարվել։
Լուսանկարը` Առավոտ-ի











































