Կոլումբիայում մոտ 900 հղի կնոջ օրգանիզմում բժիշկները հայտնաբերել են զիկա վիրուս, հայտնում է TASS-ը:
Երկրում գրանցվել է այդ վիրուսով վարակման ընդհանուր ավելի քան 16 000 դեպք, ասվում է Առողջության ազգային ինստիտուտի հրապարակած հաղորդագրության մեջ:
Վերջին տվյալներով՝ 890 հղի կոլումբացի կանանց հետազոտությունները հաստատել են, որ նրանք վարակված են զիկա վիրուսով, ևս մոտ 200 հղի կանայք բժիշկների հսկողության տակ են վտանգավոր վիրուսի առկայության կասկածների հետ կապված, որն արագորեն տարածվում է Կոլումբիայում:
«Երկրում արձանագրվել է այդ հիվանդության 16 419 դեպք, ամենաշատ վարակվածներ հայտնաբերվել են Նորտե դե Սանտանդեր, Կունդինամարկա, Ատլանտիկո, Ուիլա և Տոլիմա դեպարտամենտներում»,- նշվում է ինստիտուտի զեկույցում:
Զիկա վարակի տարածման պայմաններում կոլումբացի բժիշկներն ընտանեկան զույգերին խորհուրդ են տալիս համաճարակի շրջանում հրաժարվել երեխա ունենալու ծրագրերից:
Զիկա վիրուսի տարածողը Aedes aegypti մոծակն է: Տեղեկություններ կան, որ հղիության ընթացքում վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի հետևանքով գանգը զգալիորեն փոքր է լինում, այն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նևրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով:









































