Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հերթական անգամ պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցերին: Եվրոպայի գործող չեմպիոնների մարզիչը բազմիցս նշել է, որ հավանաբար կհեռանա զբաղեցրած պաշտոնից «Եվրո-2016»-ի ավարտից հետո:
«Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալս նպատակահարմար է բոլորի համար: Ես կցանկանայի շարունակել աշխատել, սակայն ութ տարին մեծ ժամկետ է»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:
Հիշեցնենք՝ մասնագետը մեծ հաջողությունների է հասել ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Նրա գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը նվաճել է աշխարհի 2010 թվականի և Եվրոպայի 2012 թվականի չեմպիոնի տիտղոսը:








































