Ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության (EUCOM) առաջնահերթ հանձնարարությունը ռուսական ագրեսիայի զսպումն է։ Այսպիսին է Եվրոպայում ԱՄՆ թարմացված զինվորական ռազմավարությունը՝ գրում է Deutsche Welle-ն։ Փաստաթուղթը հրապարակվել է EUCOM-ի կայքում։
Համաձայն փաստաթղթի՝ եվրոպական անվտանգության սպառնալիք է դիտվում հյուսիսում, արևելքում և հարավում։ Առաջին երկու ուղղություններում ռիսկերը գալիս են Ռուսաստանից՝ նրա աճող ագրեսիվ վարքի և Արկտիկայի ռազմականացման պատճառով։ Հարավում վտանգ են ներկայացնում ԴԱԻՇ-ի գրոհայինները։
Փաստաթղթում նաև հաստատվում է, որ Եվրոպային սպառնում են «բալիստիկ հրթիռների արտադրության ոլորտի հակառակորդի աճող ներուժը, զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, ինֆեկցիոն հիվանդությունները, կիբեռհարձակումները, միջազգային և ազգային ահաբեկչական կազմակերպությունները, ինչպես նաև թմրանյութերի անօրինական շրջանառությունը»։ Վտանգ է ներկայացնում նաև միգրացիոն ճգնաժամը, որը սրվել է 2015 թվականին։
Ռազմավարությունում թվարկված այլ առաջնահերթությունների թվում են Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատանքը, ԱՄՆ ռազմավարական շահերի պաշտպանությունը, դիմակայությունը միջպետական սպառնալիքներին, զինված ուժերի մարտունակության ապահովումը, ինչպես նաև առանցքային հարաբերությունների պահպանումը։












































