Երեկ ազատ արձակվեց նաև անցած տարի Նորք Մարաշում վնասազերծված զինված հանցախմբի անդամներից Հանրային հեռուստաընկերության աշխատակից, մոնտաժող Արման Հայրապետյանը։ Նրա նկատմամբ ևս կիրառվել է ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց, իսկ մեղադրանքը շարունակում է մնալ նույնը։
Ի դեպ, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ազատ կարձակվի նաև Գյումրիի «Մարիամ» ռադիոկայանի հոգևոր բաժնի ղեկավար, մասնաճյուղի հիմնադիր, կաթոլիկ եկեղեցու քահանա հայր Անտոն Թութունջյանը։ Ու թեև մնացած ազատ արձակվածների դեպքում մեղադրանքը մնում է նույնը, սակայն հայր Անտոնի վրայից մեղադրանքը կհանվի, քանի որ նրա առաջ պայման է դրվել՝ հեռանալ Հայաստանից։ Եվ հետո 71-ամյա հայր Անտոնին անազատության մեջ պահելու ևս մեկ խոչընդոտ կա։
Ինչպես հայտնի է, ապրիլի 26-ին Հայաստան է ժամանելու Հռոմի Ֆրանցիսկոս պապը և նրա այցի ժամանակ շատ անհարմար կստացվի, եթե կաթոլիկ եկեղեցու պատկառելի տարիքով քահանան բանտում լինի, այն էլ զինված հանցախմբին օժանդակելու, ֆինանսավորելու մեղադրանքով։






































