Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» խորագրով բանաձևը ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը»,- նշել է նա:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին փոփոխություններով ու լրամշակումներով ընդունեց Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը: Կողմ քվեարկեց 98, դեմ` 71 պատգամավոր: Զեկույցի նախագծի քվեարկությանը ձեռնպահ էր 40 պատվիրակ:
Հնչած ելույթներում առկա էր քննադատություն զեկույցի վերաբերյալ: Պատգամավոր Ռուդի Սալը (Ֆրանսիա, ԵԺԿ, ՔԴ) ընդգծեց, որ Մարկովիչը զեկույցը պատրաստել է առանց լինելու տեղանքում: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործում, և նման զեկույցների ներկայացումը կվտանգի կարգավորման գործընթացը»,-համոզմունք հայտնեց Սալը:








































