«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու դիմումը մերժելու մասին, ասաց. «Ռեժիմը, փաստորեն, ջղաձգումների մեջ է, և փորձում են կոտրել թե՛ Գևորգ Սաֆարյանին, թե՛ շարժումը: Ամեն ինչ արվում է, որպեսզի հոգեբանական ճնշմամբ հասնեն շարժման կազմալուծմանը»:
Մեր զրուցակցի խոսքով՝ դա, սակայն, նրանց չի հաջողվում և չի հաջողվելու. «Իրենք շատ մեծ գին են վճարելու իրենց այս գործողությունների համար»:
Հարցին՝ ի՞նչ մարտավարական և ռազմավարական փոփոխությունների եք դիմելու, Գարեգին Չուգասզյանը պատասխանեց. «Երբ գիտակցում ես, որ գործ ունես բռնատիրության հետ, ապա պետք է պատրաստ լինես նաև զրկանքների, ինչը չի նշանակում տրվել ճնշումներին և չիրականացնել ծրագիրը: Ծրագիրը մնում է նույնը, այսինքն՝ ռեժիմի ապալեգիտիմացման ներքին և արտաքին ամրագրումը»:
Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են իրենց խաղաղ անհնազանդության ճանապարհով պայքարը՝ այն, ինչ կատարվում է Մոլդովայում. «Բոլոր առիթները պետք է օգտագործվեն, որպեսզի պայքարը թրծվի, նաև՝ փողոցում բիրտ ուժի հետ առնչվելով: Մարդիկ պիտի փորձ ձեռք բերեն, թե ինչպես տապալեն այս համակարգը»:
Ինչ վերաբերում է Մարտի 1-ին ընդդիմության կողմից միասնական կազմակերպվող հավաքներին, Գ. Չուգասզյանն ասաց, որ այս պահին նման պայմանավորվածություն չկա. «Մարտի 1-ը չի պատկանում այս կամ այն կուսակցությանը: Դրանք եղել են ժողովրդի կյանքի իրավունքը ոտնահարող գործողություններ: Այնպես որ՝ պահանջատերը մեր ամբողջ ժողովուրդն է: Մենք արդեն երկու ամիս է՝ Ազատության հրապարակում ենք, ով ցանկանում է՝ կարող է գալ և և իր պահանջատիրությունն անել»:
Գարեգին Չուգասզյանը համարում է, որ Հայաստանում ներկայացուցչական ժողովրդավարությունը Հայաստանում տապալված է, դեկորատիվ միակուսակցական համակարգ է: «Խորհրդարանում ներկայացված փոքրիկ դիմադրող ուժերը չեն կարողանում որակական փոփոխություն մտցնել ներկայացուցչական ժողովրդավարության մեջ, որովհետև կեղծ ժողովրդավարություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև 2017-ի ընտրությունները շատ գործընթացներ կարող են տեղի ունենալ:








































