Չինաստանի հարուստ քաղաքացների մեծ մասն իրենց ունեցած միջոցներն օգտագործել են արտերկրում քաղաքացիություն կամ կեցության իրավունք ստանալու համար կամ պատրաստվում են դա անել առաջիկայում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով ամերիկյան Bain & Company խորհրդատվական ընկերության հետազոտությանը:
Bain & Company-ի հաշվարկներով՝ ավելի քան 1.6 միլիոն դոլար կարողություն ունեցող չինացիների 60 տոկոսն օգտվել է այն հնարավորություններից, որոնք էմիգրանտ ձեռնարկատերերին ընձեռում են այլ պետությունները: Օրինակ՝ դա կարող է լինել տեղի բանկում խոշոր դեպոզիտի տեղակայում, ակտիվի գնում, քաղաքացիության կամ կեցության իրավունքի դիմաց բիզնեսի ստեղծում:
Ավելի քան 16 միլիոն կարողություն ունեցող չինացիների շարքում պոտենցիալ էմիգրանտների թիվը կազմում է 70 տոկոս: Հարուստ չինացիների ընդամենը 10 տոկոսն է հայտարարել, որ մտադիր չէ արտասահմանյան քաղաքացիություն կամ կեցության իրավունք ստանալ: Սակայն նրանց մեծամասնությունը նշել է, որ չի բացառում նման հնարավորությունն իրենց երեխաների համար:
1.6 միլիոն դոլարը գերազանցող ունեցվածքով Չինաստանի քաղաքացիների ավելի քան 1/3-ը ներդրումներ ունի արտերկրում:
Ավելի քան 16 միլիոն դոլար ունեցող չինացիների ավելի քան կեսը գումար է ներդնում արտասահմանյան ակտիվներում: 2011 թվականից արտերկրում ներդրումներ անող չինացիների թիվը կրկնապատկվել է: Հարուստ չինացիների 60 տոկոսը հավաստում է, որ մտադիր է ընդլայնել ներդրումներն այլ երկրներում:
Հարուստ չինացիները շատ ժամանակ են անցկացնում արտերկրում, քանի որ նրանց երեխաները կրթություն են ստանում երկրի սահմաններից դուրս: Հարուստներին դուր չի գալիս նաև չինական քաղաքների վատ էկոլոգիան:
Չինաստանում ապրում է ավելի քան 1.6 միլիոն դոլար կարողությամբ ավելի քան 700 հազար մարդ: 2008 թվականից հետո նրանց թիվը կրկնապատկվել է:








































