Եվրամիությունն այսօրվանից Ադրբեջանից օրգանական արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի լրացուցիչ պաշտոնական ստուգումներ է մտցնում: Լրացուցիչ ստուգումները պետք է անցկացվեն ամբողջ 2016 թվականի ընթացքում:
Օրգանական մթերք արտադրողներին խորհուրդ է տրվում վերահսկիչ մարմիններին նախապես տեղեկացնել ԵՄ յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման մասին, ինչպես նաև ապահովել արտադրանքի անհրաժեշտ նույնականացում:
Ադրբեջանից բացի՝ ԵՄ հատուկ վերահսկման ցուցակում հայտնվել են նաև Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ռուսաստանը:
2006 թվականին ԵՄ-ն արգելել էր Ադրբեջանից Եվրոպա ներկրել պնդուկ և ընկույզ, քանի որ ադրբեջանական այդ մթերքի մեջ հայտնաբերվել էր աֆլոտոքսին՝ վտանգավոր թույն, որն առաջանում է խոնավ պայմաններում այդ մթերքի պահման և փոխադրման ժամանակ աճած սնկերից:











































