Նորվեգիայում շուրջ 70 փախստական հանդես են գալիս երկրից իրենց արտաքսման դեմ, ընդ որում նրանցից շատերը հացադուլ են հայտարարել, հայտնել է NRK հեռուստաալիքը: Փախստականները հեռուստաալիքին հայտնել են, որ վաղ առավոտյան իրենց արթնացրել են և ասել, որ իրերը հավաքեն:
«Այստեղ շատերը կորցրել են իրենց տները և փող չունեն: Նրանք Ռուսաստանում ոչինչ չունեն, նրանք միայն վիզա են ստացել, որպեսզի գան Եվրոպա: Հիմա նրանց կանցկացնեն սահմանից, որտեղ նրանց ոչ ոք չի օգնի»,- ասել է փախստական Ռամի Հադադը:
Ռուսաստանի հետ սահմանակից Ֆինմարկ շրջան են բերվել ամենաքիչը 70 փախստական Նորվեգիայի տարբեր ճամբարներից երկրից արտաքսելու նպատակով: Ընդ որում, փախստականները հայտարարել են, որ կհրաժարվեն նստել ավտոբուսներ, որոնք պետք է նրանց Նորվեգիայից դուրս տանեն: Բացի այդ, նրանցից ոմանք հացադուլ են հայտարարել, որպես բողոքի նշան:
Ավելի վաղ, Նորվեգիայում պայմանավորվել են փախստականներին Ռուսաստան վերադարձնել ավտոբուսներով:








































