Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը ողջունում է Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցների վերացումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի գծով բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:
«Ադրբեջանը հաջող և արդար քայլ չի համարում միջպետական հարաբերությունների տարբեր պատճառներով երկրների դեմ պատժամիջոցներ կիրառելը։ Բոլոր դեպքերում պատժամիջոցների հետևանքները բեռ են դառնում այն երկրների բնակչության հանդեպ, որոնց դեմ կիրառվում են դրանք։
Դրանք նաև խոչընդոտում են ժամանակակից աշխարհում միջպետական ու միջքաղաքակրթական փոխըմբռնմանը, երկխոսությանն ու համագործակցությանը»,- ասել է նա։
Մամեդովի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ 2006 թվականի ապրիլին Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի ժամանակ Սպիտակ տանը կազմակերպված ճեպազրույցի ժամանակ դեմ է արտահայտվել Իրանի հետ կապված պատժամիջոցներ կիրառելուն։








































