ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարության մասնագիտացված մարզադպրոցի հեծանվորդները անցած շաբաթ հանդես եկան Իրանում և Լեհաստանում զուգահեռաբար անցկացված միջազգային մրցաշարերում:
Ասիական լիգայի բաց առաջնությունում 100 մետր միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազքում երրորդ տեղը գրավեց Էդվարդ Մաթոսյանը (առաջին և երկրորդ տեղերին արժանացան համապատասխանաբար Իրանի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները):
Վարշավայում իրար հաջորդած երկու մրցումներում հաջող քննություն բռնեց վերը նշած մարզադպրոցի պատվիրակ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա երրորդն էր հրապարակային` երեք կիլոմետր հետապնդումով մրցավազքում, որտեղ վարպետի նորմայից բավականին բարձր արդյունք ցույց տվեց:
Շնորհալի մարզիկը հաջողությունը զարգացրեց Լեհաստանի երիտասարդական բաց առաջնությունում: Վարշավայում 68 կմ խճուղային հեծանվավազքի կրիտերիում մրցաձևում Հովհաննեսը գրավեց երկրորդ տեղը:







































