«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատանի ֆուտբոլիստների թիմը, որ մայիսի 3-ին մասնակցել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Շուշիի նորակառույց մարզադաշտի հանդիսավոր բացմանը եւ հանդիպում էր ունեցել տեղի դպրոցականների հետ, նրանց նախանձելու երկար առիթ չունեցավ:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վերադառնալով Շուշիից, այսօր այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր` ծանոթանալու համալիրի ենթակառուցվածքներին եւ գտնելու Շուշիում սերբաստացիներին տված խոստման` նոր խաղադաշտի կառուցման հնարավոր լուծումները: ՀՖՖ նախագահը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջեց համալիրում, համալիրի հարակից տարածքներում, ուսումնասիրեց խաղադաշտի կառուցման համար պիտանի ենթակառուցվածքները:
ՀՖՖ նախագահի հանձնարարությամբ առաջիկայում կսկսվի “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր արհեստական խոտածածկով եվրոպական չափանիշներին համապատասխան խաղադաշտի կառուցման աշխատանքները, որը սեբաստացիներին կհանձնվի սեպտեմբերի 1-ին` նոր ուսումնական տարվա սկզբին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կրթահամալիրում եւս մեկ անգամ նշեց, որ ՀՖՖ-ի քաղաքականության առաջնահերթությունների մեջ է մանկապատանեկան ֆուտբոլի եւ դրան նպաստող ենթակառուցվածքների զարգացումը եւ որ անցած մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երեւանում, Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում արհեստական խոտածածկով ավելի քան 100 խաղադաշտ է կառուցել:







































