Սիրիայի տարածքին Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 15 սիրիացի զինծառայող: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը:
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռամի Աբդելռահմանը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում երեք ռազմական օբյեկտների վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 15 սիրիացի զինծառայող, տասնյակ մարդկանց ճակատագիր հայտնի չէ:
«Այս երեք օբյեկտներում, որպես կանոն, գտնվում է 150 մարդ, սակայն հայտնի չէ՝ նրանք բոլորն այնտեղ եղե՞լ են հարվածի ժամանակ, թե՞ ոչ»,- ասել է նա:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են, որ մայիսի 3-ին և 5-ին Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի տարածքին: Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզական ծառայություններում իր անանուն աղբյուրներին, հաղորդել է, որ ոչնչացվել է Fateh-110 տակտիկական հրթիռների խմբաքանակ, որը նախատեսված է եղել «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման համար: SANA սիրիական պետական գործակալության փոխանցմամբ՝ ավիահարվածի է ենթարկվել Դամասկոսի մերձակայքում գտնվող գիտական կենտրոնը:










































