Էլիզաբեթ 2-րդ թագուհու դերակատար Հելեն Միրենը ստիպել է լռել փողոցային թմբկահարներին: Այս մասին գրում են բրիտանական գրեթե բոլոր թերթերը:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, երաժիշտները գնում էին Լոնդոնի կենտրոնով ու հայտնվել են Gielgud թատրոնի մոտ, որտեղ տեղի էր ունենում թագուհու մասին ներկայացումը:
Ըստ Միրենի՝ թմբկահարները չափազանց բարձր էին աղմկում և խանգարում The Audience ներկայացման դերասաններին: Այդ ժամանակ դուրս է եկել դերասանուհին և երաժիշտներին կոչ արել լռություն պահպանել: Թերթը նկատում է, որ երթի մասնակիցներին ապշեցրել է Միրենի նմանությունը Էլիզաբեթին:
Դերասանուհուն միացել է նրա գործընկեր Ռուֆուս Ռայթը, որը մարմնավորում է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնին:
The Audience-ում դերի համար Միրենը արժանացել է Լոուրենս Օլիվիեի անվան մրցանակի: Նրան է հանձնվել նաև «Օսկար»՝ «Թագուհին» ֆիլմում Էլիզաբեթ Երկրորդին մարմնավորելու համար:











































