Իրանի և «վեցյակ»-ի միջև միջուկային բանակցություններում շուտով համաձայնություն ձեռք կբերվի, եթե դրանցում տիրի կառուցողական մթնոլորտ: Ինչպես հաղորդում է MehrNews-ը, այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Մեհմանպարաստը, հիշեցնելով, որ մայիսի 15-ին նախատեսված է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալալիի հանդիպումը, հայտարարել է, որ տվյալ հանդիպման նպատակն է քննարկել Իրանի և «վեցյակի» բանակցությունների վերջին փուլի արդյունքները, որոնք տեղի են ունեցել ապրիլին՝ Ալմաթիում:
Մեհմանպարաստը նշել է, որ բանակցություններում հաջողության հասնելու ամենալավ միջոցն Իրանի խաղաղ միջուկային ծրագրի իրագործման իրավունքը պաշտոնապես ճանաչելն է: Նրա խոսքերով՝ Իրանը հակված է դեպի միջուկային զենքի չտարածման սկզբունքները և ակտիվորեն համագործակցում է ԱԷՄԳ-ի հետ:
«Այն դեպքում, եթե պաշտոնապես ճանաչվի միջուկային խաղաղ ծրագրի իրագործման Իրանի իրավունքը, Իրանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ցրի մի շարք երկրների մտավախությունն իր միջուկային ծրագրի հանդեպ» ,- ասել է նա:











































