Այսօր՝ հունվարի 14-ին, ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր, ազատամարտիկ Վլադիմիր Փայլակի Առաքելյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, վերջիններս կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ:
«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ հեռախոսազրույց ունեցավ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանի հետ:
«Ազատամարտիկը չի կարող իր կյանքի գնով ստեղծված երկրի համար չարիք լինել: Եթե ազատամարտիկ կա այս գործի մեջ, ուրեմն կա՛մ իրականում նրանք չեն իմացել՝ ինչ է, եթե իրականում հանցակից են, կա՛մ էլ, ինձ թվում է՝ հիմքում ուրիշ բան պիտի լինի: Հոկտեմբերի 27-ը մեզ համար այնպիսի դաս է եղել, որ մենք մինչև հիմա դեռ չենք բուժվում երկրի այդ ցնցումից: Տղերքից ոչ մեկը չէր գնա պետական դավաճանության, դա հիմնավորել է պետք: Ես ճանաչում եմ ազատամարտիկներին, նրանք չեն կարող այդպիսի բան անել»,- հավաստիացրեց Ռազմիկ Պետրոսյանը:
Նրա կարծիքով՝ սա քաղաքական վրեժխնդրություն է իշխանությանը հակառակ քաղաքական հայացք ունեցողների նկատմամբ. «Էդ նույն կռվող տղերքից չկա՞ն իշխանական դաշտում: Էդ ո՞նց ա՝ այդ դաշտից որևէ ազատամարտիկի համար խնդիր չի լինում, հենց ընդդիմադիր հայացքների տեր տղերքի համար է միայն լինում: Դրանք այն տղերքն են, որ պայքարում են այն արժեքների համար, հանուն որոնց իրենք կյանք են դրել»:
«Մեր երկրում քաղաքական վենդետան պիտի վերանա, մանավանդ այսօր՝ մենք պատերազմի շեմին գտնվող երկիր ենք, պատերազմը մեր երկրում ավարտված չէ, ազատամարտիկների հանդեպ այդպես կամայական վերաբերմունքով կամ ծեծել-ջարդելով, վիրավորելով, կալանավորելով, անհիմն դատապարտելով… այսպիսի ստորացնող քայլերով ի՞նչ ենք անում, աջակցո՞ւմ ենք Ադրբեջանին. դե, էս երկիրն էլ թող դակումենտով տան Ադրբեջանին, պրծնեն,- նեղսրտեց ազատամարտիկը:- Ի՞նչ է նշանակում՝ ազատամարտիկներին ստորացնել: Գիշեր-ցերեկ հեռուստացույցով հայրենասիրական ճառերից եք խոսում, ո՞վ ա վաղը գնալու զոհվի, եթե էսօր կռվի մասնակցած, հաշմանդամ դարձած, պատերազմը հաղթած հերոսին տանում-զնդանում են»:
Ռ. Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ ազատամարտիկներին կալանավորելու նախադեպեր միշտ էլ եղել են. «Վերջին 10-15 տարիներին, մանավանդ 2008-ից սկսած, ազատամարտիկները դարձել են ամենախոցելի խավը մեր այս քաղաքական դաշտում»:
Ռազմիկ Պետրոսյանի հավաստմամբ՝ «Ազատամարտիկների դաշինք»-ը հանդես կգա հայտարարությամբ: «Ես անձամբ իմ հայտարարությունն եմ անում,- նշեց ազատամարտիկը,- թող իշխանությունը վերանայի իր վերաբերմունքը ազատամարտիկների նկատմամբ: Եթե նույնիսկ այդ տղերքը, հնարավոր է՝ չհասկանալով, հայտնվել են որևէ տիրույթում, նրանց ազատազրկման մեջ պահելն արդեն իսկ հանցագործություն է»:








































