Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մայրաքաղաք Ջակարտայում տեղի ունեցած պայթյունների շարքը որակել է ահաբեկչություն։
«Մեր ազգն ու ժողովուրդը չպետք է վախենան, ահաբեկչական գործողությունները մեզ չեն հաղթի, ես հույս ունեմ, որ հանրությունը հանգստություն կպահպանի։ Մենք բոլորս ցավում ենք զոհերի համար, սակայն նաև դատապարտում այն, ինչը խաթարել է մեր անվտանգությունն ու խաղաղությունը և վախ տարածել մարդկանց շրջանում»,- ասել է նա։
Ոստիկանության փոխանցմամբ՝ հարձակումներն իրականացրել են 10-14 գրոհայիններ, այդ թվում՝ առնվազն 3 մահապարտներ։ Ներկա պահին հաղորդվում է 6 զոհի մասին, որից 3-ը՝ ոստիկան։
Ոստիկանությունը կարծում է, որ զինված հարձակումը կարող են կազմակերպած լինել ԴԱԻՇ-ի գրոհայինները։
Aljazeera-ն իր հերթին հայտնում է, որ պայթյունների մասնակից մի քանի անձինք թաքնվում են կինոթատրոնում, որտեղ կարող են բազմաթիվ մարդիկ գտնվել։ Ոստիկանության ջոկատները շրջապատել են շենքը։ Իրավապահ մարմիններին հղում անելով՝ հեռուստաալիքը հայտնում է, որ Ջակարտայի ոստիկանությունը պայթյունների նախօրեին սպառնալիքներ էր ստացել ԴԱԻՇ-ից։
Տեղեկություններ կան, որ չարագործները կիրառել են ոչ թե պայթուցիկ սարքեր, այլ ձեռքի նռնակներ։
Տեղի ոստիկանապետ Անտոն Չարլիյանի խոսքով՝ ոստիկանությունը հետապնդում է ենթադրյալ հանցագործներին, ովքեր տեղակայվել են հարձակման ենթարկված «Սարինահ» առևտրի կենտրոնի տանիքին։








































