Այսօր թիվ 4 ընտրատարածքն ընդգրկող Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի թիվ 1 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկը մեկնարկեց ժամը 22.30-ի սահմաններում: Մինչ 20.00-ն ընտրատեղամաս ժամանեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և զրուցեց ընտրատեղամասի հանձնաժողովի ժառանգական անդամների հետ: Նա հանձնաժողովի անդամների հետ զրույցում ասաց, թե անհասականալի է, որ այստեղ ժամը 14.00-ի դրությամբ 827 մարդ է քվեարկել, խայտառակ կեղծարարություններ են տեղի ունեցել:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը, անոմալ երևույթ է 4-րդ ընտրատարածքի համար ժամը 14.00-ի դրությամբ մոտավորապես 900 մասնակցություն, որովհետև ոչ մի տեղ այդ ժամերին 400-500-ից ավել մասնակցություն չի եղել:
«Սա անոմալ երևույթ է, եկել են ուրիշի փոխարեն քվեարկել են, խոսուն դեպքեր են, որ ընտրախախտումներ և ընտրակեղծարարություններ են եղել: Մենք համապատասխան իրավապահ մարմիններին ենք դիմել և համապատասխան գործընթացներով ենք առաջնորդվել: Հաշվարկի արդյունքները կտեսնենք և կհասկանանք»«- ասաց Զարուհի Փոստանջյանը:











































