Երևանի բոլոր ընտրատեղամասերը, ըստ սահմանված կարգի, ժամը 20.00-ին փակվեցին:
Քվեաթերթիկների հաշվարկին «Առաջին լրատվական»-ը հետևեց թիվ 10/30 ընտրատեղամասում: Քվեատուփը փակվեց ըստ սահմանված ընթացակարգի, չօգտագործված քվեաթերթիկներն անվավեր դարձվեցին: Հաշվարկի ավարտին քվեաթերթիկների թվով առաջին տեղում էր ՀՀԿ-ն՝ 280 քվե, որից հետո ԲՀԿ-ն էր` 234, հետո՝ «Բարև Երևան» դաշինքը` 114, ՀԱԿ-ը` 77, ՀՅԴ` 50 և «Առաքելությունը»`3 քվե: Անվավեր ճանաչվեց 21 քվե, որոնցից մեկի վրա նկարած էր, իսկ մյուսի վրա հայհոյանք էր գրված:
Հանձնաժողովի նախագահ Արշակ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ինչքան էլ փորձեցին կանխել ներսի խախտումները, խախտումներ եղան դրսում. «Մարդկանց տաքսիներով բերում էին ընտրական տեղամաս, իսկ դա նշանակում է, որ ճնշումներ են գործադրվել նրանց վրա»:
Նշենք, որ 10/30 ընտրատեղամասում գրանցված 1947 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 813 ընտրող: Դրանցից երեքին տրամադրվել է այլ քվեաթերթիկ՝ անվավեր լինելու պատճառով:
Ընդհանուր թվով 1980 քվեաթերթիկից օգտագործվել է 816-ը:











































