Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին անձամբ շահագրգռված է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Վրաստանի իշխանությունների կողմից բանակցություններ վարելու հարցում։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին:
«Եթե այդ բանակցությունները վերստին շարունակվեն, և իշխանությունները «Գազպրոմին» հնարավորություն տան նոր հնարավորություններով մուտք գործել վրացական շուկա, ապա մենք դա կդիտարկենք որպես անձնական հարստության ու բարեկեցության նպատակով և Վրաստանի ազգային շահերի հաշվին Ռուսաստանի հետ «Գազպրոմի» խոշորագույն բաժնետեր Բիձինա Իվանիշվիլու նյութած դավ»,- ասել է նա։
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի ու «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի միջև անցկացվող բանակցությունները մեծ աժիոտաժ են առաջացրել Վրաստանում։ Ընդդիմությունը կարծում է, որ «Գազպրոմի» հետ համագործակցությունը Վրաստանը զրկում է էներգաանկախությունից։












































