Ամբողջ աշխարհում քրիստոնյաներին հալածելու դեպքերը զգալիորեն ավելացել են: Քրիստոնյաների հանդեպ առավել վատ վերաբեմունքով երկիրը մնում է Հյուսիսային Կորեան, սակայն կրոնական համոզմունքների համար զոհվածների առավել մեծ թվով աչքի է ընկնում Նիգերիան։ Այս մասին ասվում է Հալածանքներից քրիստոնյաների պաշտպանության Open Doors միջազգային կազմակերության ամենամյա զեկույցում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ ԶԼՄ-ներում հիմնական ուշադրությունը սևեռվել է Մերձավոր Արևելքին, սակայն ամենից շատ քրիստոնյաներ իրենց համոզմունքների համար 2015-ին սպանվել են Նիգերիայի հյուսիսային մասում՝ ավելի շատ, քան մնացած մյուս բոլոր երկրներում միասին վերցրած։ Նիգերիային է բաժին ընկել աշխարհում գրանցված 7100 դեպքերից 4028-ը։
Քրիստոնյաների մեծ մասը սպանվել են աֆրիկյան 6 երկրում՝ Նիգերիա, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Քենիա, Կամերուն, Կոնգո և Չադ։
Զեկույցում եզրակացություն է արվում, որ «առկա է քրիստոնեության համար իրական սպառնալիք՝ ամբողջ աշխարհում հետապնդումների պատճառով»։









































