Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին սոցիալական պահանջներով բողոքի ակցիաներ են սկսվել Բաքվից 90 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Սիազան քաղաքում, որոնք վերածվել են ոստիկանության հետ բախումների։
Նախօրեի երեկոյան ոստիկանությունը սկսել է ձերբակալել ակցիայի մասնակիցներին, սակայն այսօր առավոտյան գործադիր իշխանության շենքի առջև հավաքվել են հարյուրավոր մարդիկ՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ։ Քաղաք են մտցվել ՆԳՆ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Ընդգծվում է, որ ակցիան համաձայնեցված չի եղել քաղաքային իշխանությունների հետ։
Հաղորդվում է, որ հունվարի 12-ին Ադրբեջանի չորս շրջաններում անցկացվել են նմանատիպ բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջել են թույլ չտալ գնաճ։ Ադրբեջանի կառավարությունը որևէ կերպ չի մեկնաբանել այդ ակցիաները։











































