Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր յոթ անդամների դաժան սպանությունից անցել է մեկ տարի, դեռևս գրեթե ոչինչ չի բացահայտվել:
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով այս դաժան սպանության բացահայտման ուղղությամբ ընթացող աշխատանքներին, նշեց. «Անցյալ տարի Սերժ Սարգսյանը նույնիսկ չհամարձակվեց ցավակցել, առավել ևս չհամարձակվեց հետամուտ լինել իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և արդար դատաքննության համար որևէ ջանք չներդրեց: Ամբողջ քննությունը ռուսական տիրապետության տակ եղավ, հայկական կողմը եղավ ընդամենը որպես գործակցող կողմ: Հենց սկզբից Կոստանյանի հայտարարությունից հասկացվեց, որ հայկական իրավապահ կամ արդարադատության համակարգը լինելու է ռուսական կամքին ենթակա: Այդպես էլ եղավ»:
Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ՝ սա ոչ միայն ինքնիշխանության զիջման ապացույց է, այլ նաև մարդկային արժանապատվության հարց է: Նրա խոսքով՝ իշխանությունները որոշեցին, որ Կրեմլին հաճոյանալն ավելի ձեռնտու է, քան թե իրենց բուն պարտականությունը կատարելը՝ պաշտպանել ՀՀ քաղաքացու շահերը:
Լևոն Բարսեղյանը նշեց, որ հույսեր է կապում միայն փաստաբանների՝ տուժողների իրավահաջորդների հետ, քանի որ այդ մի գործիքն է մնացել: Նրա խոսքով՝ արդար հետաքննության արդյունքում շատ հնարավոր է, որ շատ կարևոր փաստեր բացահայտվեն. «Ես հույս չունեմ ո՛չ դատախազի, ո՛չ մեղադրանքը պաշտանողի, ո՛չ էլ առավել ևս դատավորի և ՀՀ դատական համակարգի հետ կապված, այլ հույս ունեմ միայն փաստաբանների որակյալ գործողությունների հետ կապված, բայց սա շատ «բարակ» հույս է, որովհետև ամենայն հավանականությամբ մեղադրյալին կարող են կարգադել, որ նա ուղղակի լռի»:
Լևոն Բարսեղյանը մտահոգություն հայտնեց, նշելով, որ Հայաստանի իշխանությունն ուղղակի կամք չունի, որ դատավարությունն անցկացնի այնպես, ինչպես պատշաճ է մեր օրենսդրությամբ: Նրա դիտարկմամբ՝ սա վկայում է, որ դեպքից անցել է մեկ տարի, և մեր իշխանությունները փաստացի մնում են ռուսական ենթակայության տակ:
«Ռուսական կողմը չի ուզում իր քաղաքացուն հանձնել Հայաստանի արդարադատությանը, իրավական համակարգին»,- ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահը և հավելեց. «Սրանից բխած՝ ապականում են Հայաստանի ամբողջ արդարադատության համակարգը, այսինքն՝ ի ցույց են դնում ապացույցներ, որ մենք արդարադատություն չունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































