Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում վարչական կարգով 15 օրով կալանավորել են լրագրող և վիդեոբլոգեր Հուսեին Ազիզօղլուին։ Նրա գործընկերները համոզված են, որ կալանավորման պատճառը Facebook սոցցանցում Ազիզօղլուի տեղադրած սատիրիկ տեսանյութերն են և, մասնավորապես, ոստիկանության աշխատակիցներին ծաղրելը։
Ազիզօղլուին ձերբակալել են հունվարի 8-ին՝ Facebook-ի իր էջում «Երեք դեմքեր» անվանմամբ տեսանյութ տեղակայելու հաջորդ օրը։ Դրանում համեմատվում են Ադրբեջանի ու արտերկրի «աճպարարները»։ Տեսանյութում երևում է, որ տեղի աճպարարը, որը ոստիկանի զգեստով է, քաղաքացու գրպանից դուրս է բերում թմրանյութի փաթեթ և ձերբակալում է նրան։











































