Ամերիկյան The New York Times թերթում հրապարակվել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հոդվածը, որի համաձայն՝ Սաուդյան Արաբիան ձգտում է ձախողել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված գործարքը և ողջ տարածաշրջանը ներքաշել դիմակայության մեջ:
«Սաուդյան Արաբիան, հավանաբար, մտավախություն ունի, որ միջուկային խնդրի ստեղծած ծխի շղարշի վերացումը հնարավորություն կտա տեսնել իրական գլոբալ սպառնալիք։ Խոսքը նրա կողմից ակտիվորեն ծայրահեղականությանը ֆինանսավորելու մասին է։
Միջուկային համաձայնագրի տապալման, ինչպես նաև տարածաշրջանում լարվածության պահպանման և անգամ խորացման ռազմավարությունը բաղկացած է երեք մասից. ճնշում գործադրել Արևմուտքի վրա, Եմենի պատերազմի միջոցով աջակցել տարածաշրջանային անկայունությանն ու ծայրահեղականության ֆինանսավորմանը, ուղիղ սադրանքներ հրահրել Իրանի հանդեպ»,- ասել է նա։
Զարիֆը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիան Ւրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի տապալման փորձեր ձեռնարկել է դեռևս 2013 թվականին՝ Իրանի ու «վեցյակի» միջև միջանկյալ համաձայնագրի ստորագրումից հետո։
Զարիֆը հավելել է, որ Իրանը Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո փորձեր է ձեռնարկել երկխոսելու Սաուդյան Արաբիայի հետ, որն այժմ պետք է ընտրություն կատարի ծայրահեղականներին աջակցելն ու միջդավանաբանական ատելություն բորբոքելը շարունակելու կամ տարածաշրջանային կայունությանն աջակցելու հարցում կառուցողական դեր խաղալու միջև։









































