Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ու մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի ներկայացուցիչները բանակցում են մենամարտի անցկացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Boxing Scene»-ը:
Ամենայն հավանականությամբ՝ Արթուր Աբրահամը կմենամարտի Ջիլբերտո Ռամիրեսի հետ ու կփորձի 6-րդ անգամ պաշտպանել միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ անպարտելի Ջիլբերտո Ռամիրեսը կփորձի իր առաջին աշխարհի չեմպիոնական տիտղոսը նվաճել:
«Պաշտոնական համաձայնություն դեռևս չկա, սակայն ինձ հայտնել են, որ մեծ հաշվով որոշումն արդեն կայացված է: Նրանք մոտ են պաշտոնական պայմանավորվածություն ձեռք բերելուն»,- ասել է WBO նախագահը:
Բանակցությունները մեկնարկել են ծննդյան տոներից անմիջապես հետո: Նշվում է, որ կողմերը պատրաստ են փոխզիջումների գնալ, որպեսզի մենամարտը կայանա:
Հատկանշական է, որ մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին մեկ անգամ արդեն հաջողվել է առավելության հասնել հայազգի բռնցքամարտիկի նկատմամբ: Ռամիրեսը հաղթել է Հոլանդիան ներկայացնող Գևորգ Խաչիկյանին:










































