Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին բուժող՝ Կուբայի Խոսե Մարտիի կլինիկայի բժիշկների մեծարման արարողությանը, որն անցկացվել է շաբաթ օրը Կարակասում, մասնակցել է երկրի ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Միջոցառումն անցկացվել է Հեղափոխության թանգարանում, որտեղ մարմարե սարկոֆագի մեջ հանգչում է կոմանդանտեն: Նախագահն անձամբ է յուրաքանչյուր բժշկի շնորհել առաջին աստիճանի «Ֆրանցիսկոս դե Միրանդա» շքանշան:
Քաղցկեղով տառապող Չավեսի բուժմամբ զբաղվել են վենեսուելացի և կուբացի մասնագետները: Այս տարվա մարտին Վենեսուելայի կառավարությունն արդեն պարգևատրել էր Կուբայի բժիշկներին «Վենեսուելայի ազատագրողներ» շքանշանով՝ նույնպես առաջին աստիճանի:
Մինչ արարողության սկսվելը հավաքվածներին ցուցադրվել է Չավեսի մասին վավերագրական ֆիլմ:
Հիշեցնենք, որ Չավեսը մահացել է մարտի 5-ին՝ Կարակասի զինվորական հիվանդանոցում: 2011-ի կեսերին նա Կուբայում ենթարկվել էր 4 վիրահատության և քիմիաթերապիայի մի քանի կուրսեր էր անցել:











































