Ամերիկացիների երկու երրորդը կողմ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկած՝ զենքի շրջանառության սահմանափակման հետ կապված միջոցառումներին: Այս մասին վկայում են CNN-ի և ORC ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հինգշաբթի:
Օբաման այս շաբաթ հրահանգել է ստուգել բոլոր զենք գնողներին՝ ներառյալ նրանց, ովքեր զենք են գնում համացանցում և ցուցահանդեսներին: ԱՄՆ նախագահը նաև մի շարք այլ նախաձեռնություններ է ներկայացրել՝ ներառյալ «խելացի» զենքի մշակումը, որը կրակում է միայն օրինական տիրոջ ձեռքերում:
Սահմանափակումների հետ կոնգրեսի անհամաձայնության պատճառով առաջարկված միջոցառումները կիսատ են և իրագործման դեպքում կարող են միայն աննշան չափով փոխել ԱՄՆ-ում հրազենի հետ կապված իրավիճակը: Սակայն նույնիսկ այդ միջոցառումները կարող են միայն թղթի վրա մնալ, եթե զենքի ոլորտի լոբբին կարողանա դրանք հաջողությամբ վիճարկել դատարանում:
Հարցման արդյունքներով՝ ամերիկացիների 67%-ը համաձայն է նախագահի առաջարկած փոփոխություններին, 32%-ը դեմ է:
Հարցման 10 մասնակցից 6-ը, այդ թվում՝ զենքի տերերի 75%-ը, կարծում են, որ առաջարկված միջոցառումները չեն օգնի նվազեցնել զենքի կիրառմամբ բռնության զոհերի թիվը: Նույնիսկ Օբամայի առաջարկած միջոցառումների կողմնակիցների շրջանում դրանց արդյունավետությանը հավատում է 57%-ը:
Հարցումն անցկացվել է հունվարի 5-6-ին, դրան մասնակցել է ԱՄՆ-ի ավելի քան 1000 չափահաս բնակիչ:












































