ԱՄՆ-ում՝ Խաղաղ օվկիանոսի գլխավերևում, բարեհաջող են անցել հիպերձայնային թևավոր X-51A WaveRider հրթիռի փորձարկումները: Այս մասին հայտնել են երկրի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հաղորդվում է, որ հրթիռը զարգացրել է 6100 կմ/ժամ արագություն և օդում գտնվել 360 վայրկյան, ինչը բացարձակ ռեկորդ է: «Դա նշանակում է առաքելության լիարժեք հաջողություն»,- հայտարարել է նախագծի ղեկավար Չարլի Բրինկը՝ հավելելով, որ թռիչքը ամենատևականն ու ամենահաջողակն էր նախկինում անցկացված բոլոր թռիչքներից:
Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայի «Էդվարդս» ավիաբազայից՝ B-52 ռմբակոծիչով: Մինչ ինքնաոչնչացման հրամանը՝ ապարատը հաղթահարել է 426 կմ:
Նախագծի հաջող իրականացման արդյունքում ԱՄՆ-ը հույս ունի ստանալ զենք, որը թույլ կտա թիրախային հարվածներ հասցնել աշխարհի ցանկացած կետի: Համաձայն պլանի՝ X-51A WaveRider-ը պետք է զարգացնի 7200-8400 կմ/ժամ առավելագույն արագություն, ինչը մեկ ժամվա ընթացքում թույլ կտա հասնել ցանկացած թիրախի:
Boeing կորպորացիայի մշակած հրթիռի առաջին փորձարկումներն անցկացվել էին 2009 թվականին:







































